Հույն ֆերմերների կողմից մաքսային և հսկիչ-անցակետերի շրջափակման պատճառով Թուրքիայի և Բուլղարիայի հետ սահմանին հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել: Այս մասին հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:
Բեռնատարները կանգնած են Թուրքիայի հետ սահմանի՝ հունական կողմից Կիպի մաքսակետից 12 կմ հեռու, թուրքական կողմից խցանումը ձգվել է 20 կիլոմետրով:
Ֆերմերները մի քանի շաբաթ ճանապարհներ և մաքսակետեր են արգելափակում՝ կառավարությունից պահանջելով հրաժարվել կենսաթոշակային բարեփոխման և հարկերի բարձրացման ծրագրերից:
Առայժմ արգելափակված բեռնատարների վարորդների և ֆերմերների միջև բախում չի եղել: Ֆերմերները լի են վճռականությամբ՝ շարունակելու սահմանի շրջափակումը, բայց հասկանալով վարորդների դրությունը՝ նրանք մի քանի ժամով բացում են ճանապարհը:
Իսկ Բուլղարիայի սահմանը փակ է երկու կողմից. ի պատասխան հույն ֆերմերների գործողությունների՝ վարորդները, որոնք հսկայական կորուստներ են կրում, սահմանի բուլղարական կողմից «հակաշրջափակում» են կազմակերպել: Մասնավորապես, Հունաստանի Օրմենիո-Օրեստիադա հսկիչ անցակետում 200 բեռնատար է կանգնած:
Գործակալության տեղեկությամբ՝ Հունաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Նիկոս Տոսկասը մշտապես կապի մեջ է իր բուլղարացի գործընկերոջ հետ՝ իրավիճակը սահմանին թուլացնելու համար:
Ֆերմերների գործողությունների հետևանքով վնասը հաշվել դեռ հնարավոր չէ:










































