Երեկ «Ինտերֆաքս» գործակալությունը հրապարակեց 200 մլն դոլարի ռուսական վարկով Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող զենքերի ցանկը: Ըստ այդմ՝ Ռուսաստանի կողմից մատակարարվող ցուցակում ընդգրկված են «Սմերչ» տիպի ռեակտիվ կրակային համակարգեր, որոնք նախատեսված են մինչև 120 կմ հեռավորության վրա թշնամու կենդանի ուժի և տեխնիկայի ոչնչացման համար։ Այս համակարգերը շատ արագ կրկնակի օգտագործման հնարավորություն են տալիս, ինչ թշանամուն հնարավորություն չի տալիս նահանջել կրակի գոտուց։

Ցուցակում նշված ТОС-1A համակարգերը, որոնք «Բուրատինո» համակարգերի վերամշակումն են, նախատեսված են հարվածային ալիքով ու ծխակրակային միջոցներով թեթև զրահատեխնիկայի, շենքերի և շինությունների ոչնչացման համար։
Ցուցակում նշված 9М113Մ-ը հայտնի հակատանկային «Ֆագոտ» հրթիռների կատարելագործված տարբերակն է՝ մինչև 3 կմ հեռահարությամբ։
«Իգլա»-ները նախատեսված են ցածր բարձրության վրա ոչ մեծ արագությամբ օդային թիրախների՝ հիմնականում ուղղաթիռների դեմ, ընդ որում՝ նրանք ի վիճակի են հաղթահարել նաև կեղծ ջերմային ծուղակները։
«Տիգր» զրահամեքենաները չունեն հզոր զրահ, դրա փոխարեն նրանք ըստ էության բարձր անցանելիության ավտոմեքենաներ են։
«Ավտոբազա-Մ»-ը առանձին ինքնուրույն զենք չէ, այլ S-400 զենիթահրթիռային համակարգի բաղադրիչ։ Նրա ֆունկցիան հրթիռների կողմից խոցվող օդային նշանակետերի 3 կոորդինատներից 2-ի որոշումն է։
Ըստ «Ինտերֆաքսի»՝ Ռուսաստանը Հայաստանին վաճառելու է նաև հետևակային զենք՝ նռնականետներ, «Դրագունովի» դիպուկահար հրացաններ, ինժեներական և կապի միջոցներ: Այստեղ ուշադրության է արժանի դիպուկահար հրացանների հիշատակումը, քանի որ Մինսկի խումբը և միջազգային հանրությունը՝ ավելի լայն ընդգրկմամբ, այժմ ջանքեր են թափում ղարաբաղա-ադրբեջանական գծում դիպուկահարների պատերազմը դադարեցնելու համար, սակայն Ռուսաստանը, ըստ էության, խթանում է այն։
Զենքերի ցուցակին հպանցիկ հայացքը ցույց է տալիս, որ տրամադրվում է հիմնականում պաշտպանական զենք (բացի «Սմերչ»-ներից), ավելի շատ՝ հակատանկային զենք։ Սա ցույց է տալիս առևտրային և պետական գաղտնիք հանդիսացող այս փաստաթղթի բացահայտման նպատակը Կրեմլի կողմից։
Ադրբեջանում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակի պատճառով Բաքվում ձայներ են հնչում Ռուսաստանի հետ կնքված 5 մլրդ դոլարի զենքի մատակարարման պայմանագրի գոնե մի մասից հրաժարվելու վերաբերյալ։ Ադրբեջանին Ռուսաստանը մատակարարում է հիմնականում հարձակողական զենք, այդ թվում՝ մեծ քանակությամբ տանկեր։ Հայաստանին մատակարարվող հակատանկային միջոցների թվարկումը Բաքվին կստիպի Ռուսաստանից գնել նորանոր տանկեր ու զրահատեխնիկա։
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ զենքերի ցուցակի բացահայտումը կատարվում է Թուրքիայի բարձր պաշտոնյաների՝ Ադրբեջան այցելելու ժամանակ։ Այսպիսով Մոսկվան փորձում է Հայաստանին և Ադրբեջանին ներքաշել ռուս-թուրքական հակամարտության մեջ։




































