ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց երկու երրորդը տեղյակ չէ իր հիվանդության մասին, քանի որ հիվանդությունն ունի 8-10 տարի թաքնված շրջան և միայն հետազոտության միջոցով է հնարավոր տեղեկանալ դրա մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Դրական մարդկանց հայկական ցանցի նախագահ Անահիտ Հարությունյանն ասաց, որ ժամանակին ախտորոշումը թույլ կտա պաշտպանել մտերիմներին և հարազատներին, բարձրացնել կյանքի որակը, բուժման հնարավորություն ապահովել. «Ուշ ախտորոշումը գալիս է նրանից, որ ժամանակին հետազոտման մշակույթ մենք դեռևս չունենք: Սակայն գոնե ՄԻԱՎ կարգավիճակը պետք է գնալ և ստուգել, որովհետև ստուգումն անվճար է»:
Նա նշեց, որ ՄԻԱՎ-ով վարակվում են այն մարդիկ, ովքեր ներերակային ճանապարհով թմրանյութ են օգտագործել, անկանոն, առանց պահպանակի սեռական հարաբերություններ են ունեցել, ովքեր ընդհանրապես ունեցել են սեռավարակներ, այն մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնել, դաջվածքներ են արել՝ կասկածելի մաքրության գործիքներով:
Ասուլիսի մյուս բանախոս Լուսնե Բադալյանն էլ հավելեց, որ ամոթ չէ ստուգվելը, ինքն անձամբ է ստուգվել և տեղյակ է իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին, նույնը խորհուրդ է տալիս մյուսներին. «Սա մի կողմից սեռական ճանապարհով է փոխանցվում, մյուս կողմից՝ տարբեր ճանապարհներով և «նամուսով-թասիբով» ապրող մարդիկ ևս կարող են վարակվել ՄԻԱՎ-ով:
Նշենք, որ այժմ Հայաստանում գրանցվել է այս վարակի 1445 դեպք, և մեր տարածաշրջանում այն շատ տարածված է: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածքն ամենաշատն է ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքեր արձանագրում:









































