Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը 2016 թվականին պաշտպանական ծախսերը կմեծացնի 391 միլիոն մանաթով կամ 21.3 տոկոսով։ Այդ մասին նշված է «2016 թվականին Ադրբեջանի Հանրապետության պետբյուջեի մասին» օրենքում ուղղումներ անելու նախագծում։
Օրինագծում պաշտպանական ծախսերը նախատեսվում են 2 միլիարդ 229 միլիոն մանաթ մակարդակի վրա։ Այդ գումարից 2 միլիարդ 114 միլիոն մանաթը բաժին է ընկնում պաշտպանական ուժերին, մոտ 108.9 միլիոն մանաթը՝ ազգային անվտանգությանը, ավելի 2.4 միլիոն մանաթը՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտում հետազոտություններ կատարելուն, 3 միլիոն մանաթը՝ այլ ծախսերի։
2016 թվականի համար արդեն իսկ հաստատված բյուջեի նախագծի համաձայն՝ պաշտպանական ծախսերը պետք է կազմեին 1 միլիարդ 838 միլիոն մանաթ։
Դրանից 1 միլիարդ 723 միլիոն մանաթը բաժին է ընկնում պաշտպանական ուժերին, մոտ 108.9 միլիոն մանաթը՝ ազգային անվտանգությանը, ավելի 2.4 միլիոն մանաթը, պաշտպանության ու անվտանգության ոլորտում հետազոտություններ կատարելուն, 3 միլիոն մանաթը՝ այլ ծախսերի։
Փաստորեն փոխվել է միայն պաշտպանական ուժերի համար սահմանված գումարի չափը։ Այն աճել է 391 միլիոն մանաթով։








































