Փետրվարի 18-19-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը նվիրված կլինի նաև միգրացիոն ճգնաժամին, և այն կարող է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար վճռորոշ լինել՝ հայտնում է Deutsche Welle-ը:
Դիտորդների կարծիքով՝ սպասվող օրերը Գերմանիայի համար կլինեն «ամենաճակատագրականը» երկու Գերմանիաների միացումից և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ընդ որում, կանցլերի դիրքերը կլինեն երերուն՝ ինչպես երբեք:
«ԵՄ պառակտումը փաստորեն արդեն տեղի է ունեցել»,- գրված է հոդվածում: Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան և Սլովակիան ըստ էության պայմանավորվել են փակել սահմանները Մակեդոնիայի և Բուլղարիայի հետ՝ մի կողմից, և Հունաստանի հետ՝ մյուս կողմից: Ավստրիան և Շվեդիան արդեն ուժեղացրել են սահմանային վերահսկողությունը, իսկ Ֆրանսիան հայտարարել է, որ պատրաստ չէ ընդունել փախստականների պայմանական քանակը:
Բեռլինը գիտակցում է, որ այդպիսի պայմաններում բոլորին ձեռնտու որոշում գտնելը անհնար է: Չորեքշաբթի ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Մերկելը ընդգծել է, որ ԵՄ գագաթնաժողովում խոսք կգնա ոչ թե փախստականներին տեղաբաշխելու, այլ այն մասին, թե արժե՞ արդյոք այդ խնդիրը լուծել Թուրքիայի օգնությամբ:
Կանցլերը մտադիր է հասնել այն բանին, որ միգրացիոն հարցը լուծվի ոչ թե Եվրոպայի ներսում սահմանները փակելով, այլ Անկարայի հետ պայմանավորվելու ճանապարհով:
Եթե կանցլերի նախաձեռնությունը ձախողվի, Գերմանիայի ՆԳ նախարարությունը արդեն պատրաստ է փետրվարի 19-ի գիշերը փակել երկրի սահմանները, նախ՝ երկու շաբաթ ժամկետով:
Բունդեսթագում չեն բացառում և կանցլերի հրաժարականը: Պատգամավորները հիշեցնում են, որ Մերկելը «միշտ ասել է՝ թույլ չի տա այնպիսի իրավիճակ, երբ իրեն, ինչպես ժամանակին Հելմուտ Կոլին, պարզապես կտապալեն ընտրություններում, և այդպիսի սցենարից խուսափելու համար ինքն անձամբ կհեռանա»:









































