Սահմանադրական հանրաքվեում «այո»-ի քվեներ ապահովելուց հետո Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անցել է մարզում իր համար անցանկալի պաշտոնյաներին չեզոքացնելու գործին: Ընդ որում՝ այդ հարցում նրան օգնում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես հայտնի է՝ օրերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման ստորագրեց, որով Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատեց ռեկտոր Յուրա Սաֆարյանին, որը Բուդաղյանների դատի ժամանակ հայտարարել էր, որ Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում կրկին նշանակելն անթույլատրելի է: Հեռացող նախարարը չսպասեց, որ լրանա ռեկտորի պաշտոնավարման ժամկետը, ըստ որի, Սաֆարյանը դեռ երկու ամիս պետք է պաշտոնավարեր:
Իսկ այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոփոխություն է կատարել վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմը հաստատելու մասին որոշման մեջ և խորհրդի կազմից հանել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին, որն ի դեպ, խորհրդի նախագահն էր:
Վարչապետի ստորագրած տարբերակում բացակայում է նաև Գորիսի «Գամա» գործարանի սեփականատեր Տիգրան Կարապետյանը, որը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու էր ու համարվում է Սուրիկ Խաչատրյանին չենթարկվող անձանցից:
Փոխարենը խորհրդի անդամ է դարձել Սյունիքի մարզպետը, Սյունիքի փոխմարզպետ Վ. Դավթյանը, Գորիսի քաղաքապետը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Խաչատրյանը, որը Սուրիկ Խաչատրյանի ազգականն է, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ և Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը և այլոք:
Խորհրդի կազմից հեռացված Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ խոսել չհաջողվեց: Օրերս Գորիսի համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատված Յուրա Սաֆարյանը մեզ հետ զրույցում խորհրդի նոր կազմի առթիվ ասաց. «Գրագետ մարդկանց հանել են, մի շարք անգրագետ մարդկանց մտցրել: Էդքան բան: Վահե Հակոբյանը գիտությունների դոկտոր էր, գիտությունների դոկտորին հանել են, կասկածելի կրթության տեր Սուրիկ Խաչատրյանին նշանակել»: Սաֆարյանի խոսքերով՝ տևական ժամանակ է Սուրիկ Խաչատրյանը մարզում կադրային փոփոխություններ է անում՝ նշանակելով յուրայիններին: «Հիվանդանոցի դոկտոր, պրոֆեսոր տնօրենին հանել է, տեղը մտցրել մի նորավարտի, թե ինչ է իր հորեղբոր թոռն է: Գորիսի հիվանդանոցից բոլոր փորձված բժիշկները թողել գնացել են: Սա է Սուրիկ Խաչատրյանի «կադրային քաղաքականությունը»: Գորիսում ոչ համարժեք կադրային փոփոխություններ են կատարվում: Նայեք նրա նշանակումներին, նույն ընտանիքից 4-5 հոգի մանկապարտեզների վարիչներ են կամ գործող հիմնարկի տնօրեններ, ինչ է՝ նրա մտերիմ բարեկամներն են: Ես մնում եմ զարմացած իշխանությունների վրա»:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեր հարցին, թե ի վերջո խորհրդի նոր կազմով իրեն հաջողվե՞ց չեզոքացնել Վահե Հակոբյանին, ասաց. «Բայց դա ոնց որ կառավարության որոշումն էր, իմ որոշումը չէր»: Մեր հարցին, թե ինչն է պատճառը, որ խորհրդի կազմում չէ Վահե Հակոբյանը, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Խորհուրդը ձևավորում է էն մարդկանցով, որոնք շատ թե քիչ զբաղեցնում են պետական պաշտոններ. կամ դասախոս են, կամ ուսանող»: Մեր դիտարկմանը, թե ընդգրկված են մարդիկ, որոնք բուհի հետ կապ չունեն, օրինակ, Լևոն Սարգսյանը և այլ անձինք, մարզպետն ասաց. «Լևոն Սարգսյանն արդեն 11 տարի խորհրդի կազմում ա և պետական պաշտոնի ա: Զուտ նրա համար, որ Լևոն Սարգսյանը իրա միջազգային կապերն օգտագործում է ի շահ բուհի, դա արդեն հերիք ա: Իսկ Վահե Հակոբյանը պաշտոն չունի»:
Ավելին՝ Սյունիքի մարզպետն ասաց, թե երբ ինքը 3 տարի առաջ հրաժարական է տվել մարզպետի պաշտոնից, ինքը նաև խորհրդի կազմից է դուրս եկել: Նկատեցինք, թե այսինքն կարծում է, Վահե Հակոբյանն ավելի վա՞ղ պետք է հրաժարվեր խորհրդի կազմից, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Ինձ էլ ա տենց թվում»:







































