Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վարչապետների մակարդակով թուրք-վրացական ռազմավարակամ համագործակցության խորհրդի առաջին նիստը տեղի կունենա մոտ ապագայում։
Այդ մասին Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն.
«Վրաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է, և շատ կարևոր է ռազմավարական խորհրդի ստեղծումը։ Մեր վարչապետները Դավոսում (Համաշխարհային տնտեսական ֆորումում) պայմանավորվել են, որ դրա առաջին հանդիպումը տեղի կունենա մարտին կամ ապրիլին։
Մենք ցանկանում ենք, որ այդ հանդիպումը լինի հաջողված և արդյունավետ, որովհետև դրան մասնակցելու են վարչապետները»։
Ջանելիձեն նույնպես կարևորել է նոր խորհրդի աշխատանքները, որոնց շրջանակներում մանրամասն քննարկվելու են երկու երկրների համատեղ նախագծերը։
Չավուշօղլուն պաշտոնական այցով Վրաստան է ժամանել այսօր։ Նա հանդիպումներ է ունենալու նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու հետ։
Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է։ 2015 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 1.52 միլիարդ դոլար։ Թուրքիային բաժին է ընկել Վրաստանի արտաքին առևտրի շրջանառության 15.3 տոկոսը։







































