«Ամեն ինչ արվում է, որ Հայաստանի ռեալ քաղաքականությանը տիրապետի 1-2 մարդ: Իրական գործընթացը գտնվում է բոլորովին այլ տեղ, սրանք զուգահեռ գործընթացներ են, որոնք հետապնդում են ուշադրությունը շեղելու նպատակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի կայանում քաղաքական ամուսնությունը:
Նա ընդգծեց, որ մեր իրողության մեջ բազմաթիվ են ամուսնություններն ու ամուսնալուծությունները:
Մեր զրուցակցի խոսքով՝ այն բոլոր մարդիկ, ովքեր միավորվում են իշխանական ուժերի հետ, վերահաստատում են այն գաղափարը, որ քաղաքական գործընթացին քիչ թե շատ մաս դառնալու միակ տարբերակը իշխանության հետ միավորվելն է:
Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության նոր պետի նշանակմանը՝ Անուշ Սեդրակյանը հարց ուղղեց. «Ո՞ւմ շահերն է սպասարկելու Հայաստանի Ազգային անվտանգությունը, այսինքն՝ իրո՞ք նա զբաղվելու է սուվերեն Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներով: Մենք ունեցել ենք բազմաթիվ նախադեպեր. կիրթ, փսևդոքաղաքականություն իրականացնողների մի շարան կա Հայաստանի երիտասարդ քաղաքական վերնախավում, որոնք պահպանում են քաղաքակիրթ լինելու բոլոր նշանները: Սպասենք և կտեսնենք ապագայում»:
Մեկնաբանելով Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիային չմասնակցած ուժերին ուղղված առաջարկին՝ Անուշ Սեդրակյանն ասաց. ««Հանրային փրկության ճակատ» տերմինը որքան հավակնոտ է, նույնքան չի համապատասխանում իր հավակնություններին: «Փրկություն» ոչ քաղաքական տերմինը մտցնելով քաղաքական դաշտ՝ ավելի շատ ինչ-որ կուլտային հավատամքի, սեկտայի հոտ է գալիս դրանից»:
Խոսելով ռուս-թուրքական հակամարտության մասին՝ քաղաքագետը մտավախություն հայտնեց, որ Արևմուտքը կարող է չկարողանալ զսպիչ դեր խաղալ. «Երկուսն էլ սուլթանհադներ են, երկուսն էլ ազգային անվտանգության խնդիրները ստորադասում են սեփական արժանապատվությանը: Միակ տարբերակն այն է, որ ձգտենք ոտատակ չընկնել, որովհետև մենք միշտ ամեն ինչը պահել ենք մի զամբյուղում»:









































