Թուրքիայի ափերի մոտ նկատել են BANDIDO զբոսանավը, որը պատկանում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքին: Այս մասին հայտնում է old.tsn.ua-ն:
Լրագրողները նշում են, որ շքեղ զբոսանավը ոչ միայն կալանքի տակ չէ իրավապահների կողմից, այլև շարունակում է տիրոջը կայուն եկամուտ բերել:
Հաղորդվում է, որ BANDIDO զբոսանավը պատրաստվել է հատուկ պատվերով, և այն ձեռք է բերել Յանուկովիչի որդին մոտ 6 մլն եվրոյով: Յանուկովիչի նախագահության ժամանակ այդ զբոսանավը Բալակլավում է եղել, սակայն ավելի քան կես տարի առաջ անհետացել է գեոլոկացիոն ռադարներից:
Ավելի ուշ լրագրողներին հաջողվել է գտնել BANDIDO-ն, բայց արդեն ոչ թե Ղրիմում, այլ Թուրքիայի ափերի մոտ: Ավելին՝ այն հանձնել են չարթերի, և հիմա յուրաքանչյուր ցանկացող կարող է վարձակալել:
Միջազգային չարթերային ընկերություններն առաջարկում են օրական 9000 եվրոյով կամ մեկ շաբաթը 40 000-ով զբոսանավով կրուիզ վարձել, որի ներքին հարդարանքն ապշեցնում է ոսկեզօծությամբ, բնական կաշվով, թանկարժեք փայտով և թանկարժեք աքսեսուարներով:
«Սակայն տարօրինակն այն է, որ իմանալով Յանուկովիչի զբոսանավի գտնվելու վայրը՝ դատախազությունը չի շտապում դրա վրա կալանք դնել: Դատավճիռների միասնական պետական ռեգիստրում BANDIDO զբոսանավի մասին ոչ մի վճիռ չկա»,- նշում է աղբյուրը:
Ուկրաինան Յանուկովիչին որոնում է առանձնակի խոշոր չափի ունեցվածքի յուրացման կամ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ճանապարհով մեծ ունեցվածքի տիրանալու մեղադրանքով:








































