Ողբերգական ավարտ է ունեցել Արգենտինայի Կորդոբա քաղաքում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումը: Այդ մասին հայտնում է Goal-ը:
48-ամյա մրցավար Սեզար Ֆլորեսը խաղադաշտից հեռացրել է մրցակցող թիմերից մեկի խաղացողին, որից հետո վերջինս վերադարձել է և երեք անգամ կրակել մրցավարի վրա: Ֆլորեսը մահացել է: Վիրավորվել է նաև ֆուտբոլիստ Վալտեր Սարատեն, ում կյանքին արդեն ոչինչ չի սպառնում:
«Այս ամենը տեղի է ունեցել խաղի ժամանակ: Դեռ չգիտենք, թե ինչ էր կատարվել մրցավարի և խաղացողի միջև, բայց ֆուտբոլիստը զայրացած էր»,- նշել է մարզադաշտի պարեկային ծառայության ներկայացուցիչը:
Սպանության մեջ մեղադրվող 25-ամյա ֆուտբոլիստը գտնվում է հետախուզման մեջ:





































