Այսօր «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը Ծածկած շուկայի մոտ կազմակերպել էր բողոքի ակցիա` կանխելու ընթացող ապօրինի շինարարությունը։ Հանրային մեծ հնչեղություն ունեցող այս խնդիրը մի քանի ակտիվիստի էր բերել Փակ շուկայի տարածք: Իրենց սակավաթիվ լինելը ակտիվիստները բացատրեցին միաժամանակ երկու տեղ անցկացվող ակցիաներով. մեկը՝ շուկայի ապօրինի շինարարության, մյուսը՝ գազի գնի թանկացման դեմ:
Ճարտարապետ Պավել Ջանգիրովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ եթե ԱԺ պատգամավորը չի պահպանում օրենքը, ի՞նչ կարելի է պահանջել մնացածներից: Բոլոր դեպքերում ճարտարապետը հարցի լուծումը տեսնում է ոչ թե դադարեցնելու, քանդելու կամ վերականգնելու մեջ, քանի որ անհնար է վերականգնել, այլ նրա կարծիքով՝ պետք է դադարեցնել շինարարությունը, ներկայացնել նախագիծ, քանի որ մինչև հիմա այդ շենքը առանց նախագծի է կառուցվում:
«Նախագիծը հասարակական քննարկումներից հետո պետք է հաստատվի, տեսնենք՝ ինչ ենք անում: Երբ ասում են՝ ճարտարապետական հուշարձան, այն ենթադրում է ոչ միայն ճակատային արտաքին տեսք, այլև ամբողջություն, իսկ ամբողջությունը քանդված է, գեղեցիկ կամարները, գեղեցիկ ինտերիերը չկա, ներսում նոր հարկեր են կառուցված: Հիշեք՝ ինչ գեղեցիկ ցուցափեղկեր էին այստեղ»,-ասաց ճարտարապետը:
Նա ցավով նկատեց, որ թեև խնդրի նկատմամբ կա հանրային մեծ ճնշում, բողոքում են մշակույթի նախարարությունը, Հուշարձանների պահպանության կոմիտեն, Ճարտարապետների միությունը, լրագրողները, բայց արդյունք չկա՝ ասողին լսող է պետք:
Ճարտարապետը համոզված է, որ խնդիրը մեկ մարդու ձեռքում է: Նա նշեց, որ ճարտարապետությունը քաղաքականություն է, իսկ յուրաքանչյուր ձևավորված իշխանություն սկսում է քանդել նախորդը:
Կոնսերվատորիայի ուսանողուհի Շողակաթ Վարդանյանը, որի ձեռքում «Բավական է այլանդակեք մեր հուշարձանները» ցուցապաստառն էր, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ակցիային մարդկանց քիչ լինելը պայմանավորված է ժողովրդի ստրկամտությամբ, որոնք հույսները դրել են մի քանի քաղաքացիական ակտիվիստների վրա, սակայն աստիճանաբար ժողովուրդը արթնանում է, տարբեր հատվածներում բողոքներ են կազմակերպվում: Նա որպես օրինակ նշեց Մարց գյուղի բնակիչների կողմից խողովակները գետը շպրտելը:
Փակ շուկայի դեպքում էլ Շողակաթը վստահ է, որ արդյունքի կհասնեն: Իսկ մշակույթի նախարարության՝ Շուկայի հետ կապված հայտարարություններին նա չի հավատում. «Եթե մշակույթի նախարարը բարձրանում է ամբիոն և երկու նախադասություն չի կարողանում կապել, ինչի՞ մասին է խոսքն ընդհանրապես»,- ասաց նա:
Շուկայի ձախ անկյունում մի քանի կին բանջարեղեն են վաճառում՝ կյանքից զայրացած, երկրից հիասթափված: Մի կողմից՝ ապրելու միակ միջոցը մանր առևտուրն է, մյուս կողմից՝ նրանց արգելել են շուկայի հարակից տարածքում վաճառել: «Տարոնն ընտրվեց, իր փորը կուշտ է, բայց չգիտի՝ մենք ինչպես ենք ապրում»,- ասացին նրանք, որոնց հայացքում սոցիալական ծանր կյանքը իր դրոշմն էր թողել…
Լուսանկարները՝ PanARMENIAN Photo-ի











































