Մայիսի 16-ին Կամբոջայում փլուզվել է կոշիկի ֆաբրիկայի շենք: Ինչպես գրում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով ոստիկանության տվյալներին, վթարի հետևանքով զոհվել է նվազագույնը 2, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 6 մարդ: Միևնույն ժամանակ ձեռնարկության արհմիության անդամներից մեկը Reuters-ին հաղորդել է 6 զոհի մասին:
Վթարը տեղի է ունեցել Կամպոնգսպի նահանգում՝ երկրի կենտրոնական մասի հարավում, աշխատանքային ժամին:
Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ փլուզվել է շինության բետոնե տանիքը:
Ինչպես հայտնել են ոստիկանությունից, առայժմ պարզ չէ, թե որքան մարդ է մնացել փլատակների տակ: Համաձայն արհմիության տվյալների՝ շինության փլուզման պահին այդտեղ եղել է մոտ 100 մարդ:
Reuters-ի փոխանցմամբ՝ շինությունում արգելափակված է եղել մոտ 50 մարդ:
Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները:









































