«Ուրարտու» համալսարանի ռեկտոր, հոգեբան Սեդրակ Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ընտանեկան արժեքների մասին: Նա շեշտեց, որ գլխավոր խնդիրներից մեկը ընտանեկան հոգեբան հասկացությունը մեր հասարակության մեջ ներմուծելն է. «Ցավոք, այժմ միջսերնդային կապը խզված է, երեխաներն իրենց ժամանակն ավելի շատ անցկացնում են սոցիալական ցանցերում, ընտանեկան արժեքները մնում են միայն ծնողների մոտ և չեն փոխանցվում, քանի որ պակասել է մարդկային շփումը»:
Նա նշեց, որ այժմ երեխաների դաստիարակության վրա լուրջ ազդեցություն են թողնում ագրեսիվ խաղերը, սերիալները, որոնցում քարոզվում է կրիմինալ կյանքը, սակայն մեր հասարակության մեջ առողջ արմատը դեռևս մնացել է և պետք է օգնել, որպեսզի այն չչորանա. «Պարտադիր է ծնողի անձնական օրինակը: Մեր ընտանիքներում ոչ թե անձնային կամ միջանձնային, այլ դերային կոնֆլիկտներ կան, և երբ համեմատում ենք տասնամյակների հետ, տեսնում ենք, որ շատ բաներ կորցրել ենք: Մեզ մոտ կա ծնողների ավելորդ հոգատարություն, որը բերում է սթրեսների: Երբ ազատությունը ճնշում են, ագրեսիա է առաջանում երեխայի մոտ: Դրսում հնարավոր է՝ շատ լավ լինի երեխան, բայց հենց ներս է մտնում, ագրեսիա է առաջանում մայրիկի հանդեպ»:
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ հավելեց, որ ընտանեկան խնդիրները գլոբալիզացիայի դառը պտուղներից են: Հայկական ընտանիքն ունի մի առանձնահատկություն՝ եթե ընտանիքում երեխա կա, ուրեմն ընտանիքը կայացած է: Իր տեսակով հայկական ընտանիքը նայում է դեպի ապագա. «Սակայն այժմ պատկերը փոխվում է. առաջ նայելով հանդերձ՝ մենք պետք է պահպանենք ավանդական մոտեցումն ընտանիքի հանդեպ: Պետք է փորձենք մեր երեխաներին հայ հերոսների կերպարներով դաստիարակել, ոչ թե օտար հերոսների»:









































