ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր պաշտոնը կլքի 2017 թ., նրան կփոխարինի կազմակերպության այլ անդամ երկրի ներկայացուցիչ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Բորդյուժան:
«Այո, նշանակում է»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
«Հենց դա էլ ես նկատի ունեի, երբ հայտարարեցի, որ 2017 թվականից կսկսվի ՀԱՊԿ բարձրագույն պաշտոնատար անձանց ռոտացիան»,- հավելել է Բորդյուժան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բորդյուժայի լիազորությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երկարաձգվել են մինչև 2017 թ. հունվարի 1-ը: Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2003 թվականից:
Բորդյուժան նաև հայտարարել է, որ Սիրիան պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին անդամակցության համար, բայց եթե հայտ լինի, այն կքննարկվի գործընթացին համապատասխան:
«Անկեղծ ասած՝ չգիտեմ ՀԱՊԿ-ին անդամակցության Սիրիայի ջանքերի մասին, անկեղծ ասած՝ այսօր առաջին անգամ այդ մասին լսեցի»,- հայտարարել է նա:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ պետությունները, որոնք պատրաստ են անդամակցել և աշխատել կազմակերպությունում, պետք է պատրաստ լինեն իրենց ինքնիշխանության տարրեր զոհաբերել հավաքական անվտանգությանը մասնակցելու համար:
«Եթե այդ պետությունները գիտակցաբար են մոտենում ՀԱՊԿ-ին անդամակցությանը, ապա, մեր ունեցած իրավիճակին համապատասխան, այդ հայտը կքննարկվի, որոշում կընդունվի հավաքական անվտանգության հարցերով խորհրդում, այսինքն՝ պետությունների ղեկավարների կողմից»,- ասել է Բորդյուժան:








































