Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն առաջիկա 48 ժամերի ընթացքում հերթական հանդիպումը կանցկացնի ակումբի նախագահ Անդրեա Անյելիի և «Ծեր սինյորա»-ի գործադիր տնօրեն Բեպե Մարոտայի հետ: Ինչպես տեղեկացնում է իտալական մամուլը, այդ բանակցությունները որոշիչ կլինեն Կոնտեի՝ ակումբում ունեցած ապագայի հարցում:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի ակումբի տրանսֆերային քաղաքականությունը, ինչպես նաև որոշում կկայացվի այն հարցի շուրջ, թե թիմի որ օղակն ամրապնդման կարիք ունի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անյելին հայտարարել է, որ Կոնտեն, անկասկած, կշարունակի գլխավորել «Յուվենթուս»-ը:






































