Վրաստանի արևմտյան Սամեգրելո տարածաշրջանում ձերբակալվել է 27 մարդ: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով «Ռուսթավի-2» հեռուստաալիքին: Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանց կասկածում են «օրենքով գողերի» հետ կապեր ունենալու մեջ:
Ձերբակալվածներին տեղափոխել են Թբիլիսի: Նրանց փաստաբանները հաստատում են, որ ձերբակալությունները կատարվել են ընթացակարգային կանոնների խախտմամբ:
Հեռուստաալիքը նշում է նաև, որ կասկածյալների թվում կան մարդիկ, որոնք վերջերս են համաներմամբ ազատ արձակվել: Հիշեցնենք, որ մասշտաբային համաներումը կազմակերպվել էր Վրաստանի նոր ղեկավարության կողմից՝ 2012-ի վերջին 2013-ի սկզբին:
Հաղորդվում է, որ մասնավորապես Վրաստանի արևմտյան Մարտվիլի քաղաքում ձերբակալվել է 6 մարդ: Նրանցից 5-ին ավելի ուշ բաց են թողել, իսկ 6-րդը՝ ոմն Իրակլի Ցանավա, ով խոստովանել է իր կապը «գողական աշխարհի» հետ, կալանքի տակ է վերցվել և տեղափոխվել Թբիլիսի:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այդ օպերացիայի անցկացումը տարածաշրջանում կապված է եղել բարդացող քրեական իրադրությամբ, կողոպուտի դեպքերի հաճախացմամբ: Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստովանել էր, որ համաներման արդյունքում երկրում հանցավորության մակարդակը կարող է աճել: Նա կոչ էր արել քաղաքացիներին դրան ըմբռնումով մոտենալ:
Վրաստանում քրեական պատասխանատվություն է սահմանված ինչպես «օրենքով գողի» կարգավիճակի, այնպես էլ քրեական հեղինակությունների հետ կապի համար: Համապատասխան ուղղումները քրեական օրենսդրությունում մտցվել են «Վարդերի հեղափոխությունից» հետո:
Նշենք, որ համաներման արդյունքում բանտից ազատ էին արձակվել 6 «օրենքով գողեր»: Պատիժների կատարման նախարարության տվյալներով՝ ազատ արձակված քրեական հեղինակություններին առաջարկվել էր երկիրը լքել 24 ժամով, ինչին նրանք համաձայնել էին:









































