ԱՄՆ-ը սիրիական ընդդիմությանն է փոխանցել իր անհանգստությունը՝ կապված համացանցում հայտնված տեսագրության հետ, որում ապստամբների շարքերի դաշտային հրամանատարը կտրում-հանում է կառավարական ուժերի սպանված զինվորի սիրտը: Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Մենք ցնցված ենք այդ տեսագրությունից: Մենք հստակ հայտարարում ենք, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է հետևեն մարդասիրական ոլորտում միջազգային օրենսդրությանը»,- ասել է նա:
Վենտրելի խոսքով՝ ԱՄՆ-ը բարձրացրել է այդ հարցը սիրիական ընդդիմության առջև՝ ի դեմս «Գերագույն ռազմական խորհրդի», որն իր հերթին ամերիկյան կողմին վստահեցրել է, որ իրենք չեն աջակցում նմանատիպ գործողությունները, և որ դա բնորոշ չէ զինված ընդդիմության մեծ մասին:
Ինչպես նշել է Պետդեպի ներկայացուցիչը, տեսանյութի դաշնային հրամանատարը իր դաժանության համար արդեն վտարվել է «Գերագույն ռազմական խորհրդից»:








































