Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել է Մոսկվայում Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից Ֆոգլ Ռայան Քրիստոֆերի ձերբակալության մասին: Հաղորդվում է, որ նա աշխատել է Մոսկվայում ամերիկյան դեսպանատան քաղաքական բաժանմունքում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դաշնային ծառայության մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ նրա մոտ հայտնաբերվել են հատուկ տեխնիկական միջոցներ, հավաքագրվող ռուս քաղաքացիների համար գրավոր հրահանգներ, վիթխարի կանխիկ գումար և արտաքին տեսքի փոփոխման միջոցներ:
Ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հավաստմամբ՝ Քրիստոֆերին ձերբակալությունից անմիջապես հետո հանձնել են ամերիկյան դիվանագիտական առաքելությանը:
Ինչպես նշվում է մամլո հաղորդագրության մեջ, ամերիկյան հատուկ ծառայությունները վերջին շրջանում պարբերաբար փորձում են հավաքագրել ռուսական իրավապահ մարմինների աշխատակիցների:















































