ԱՄՆ իշխանությունները Իրաքում ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկի այրուն առաջադրել են հանցավոր գործողություններին մասնակցելու մեղադրանք, որոնք հանգեցրել են ամերիկուհի Քայլա Մյուլլերի մահվանը: Նրան գերության մեջ բռնաբարել է անձամբ ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում:
25-ամյա Նիսրին Ասադ Իբրահիմ Բահարը, որը նաև հայտնի է որպես Ումմ Սայաֆ, Իրաքի քաղաքացի է: Նրա ամուսինը՝ Աբու Սայաֆը, ոչնչացվել է 2015թ. մայիսին հատուկ գործողության արդյունքում:
Ըստ մեղադրանքի՝ Ումմ Սայաֆը և այլ անձինք հանցավոր դավադրություն են կազմակերպել ԴԱԻՇ-ին աջակցություն ապահովելու համար, և այդ դավադրությունը հանգեցրել է Մյուլլերի մահվան:
Ինչպես երդմամբ հաստատված գրավոր ցուցմունքում ասել են 2 քուրդ-եզդի երիտասարդ կանայք՝ իրենց գրոհայինները առևանգել են Իրաքի հյուսիսային գյուղից, որից հետո տարել են Սիրիայի տարածքում գտնվող բանտ, որտեղ պահել են Մյուլլերի հետ:
2014թ. սեպտեմբերին Մյուլլերը և 2 եզդի կանայք ԴԱԻՇ-ի բանտից հանձնվել են Աբու Սայաֆի և նրա կնոջ վերահսկողությանը: Սայաֆը ենթարկվել է անմիջապես ահաբեկիչների առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին, եղել է «նավթի և գազի նախարարը», իսկ ավելի վաղ պատասխանատու է եղել ԶԼՄ-ների համար:
Ահաբեկիչ ամուսիններն իրենց վերահսկողության տակ գտնվող նստավայրերում այդ 3 կանանց պահել են այլ կին պատանդների հետ: Նրանց փակել են սենյակներում, ձեռնաշղթաներ հագցրել: Միաժամանակ Բաղդադին ամերիկուհուն ստիպել է իր հետ սեքսով զբաղվել: Ումմ Սայաֆը կանանց սպառնացել է սպանել անհնազանդության համար:
2015 թ. մայիսի 15-ին գործողության ընթացքում Աբու Սայաֆը ոչնչացվել է, իսկ նրա կինը ձերբակալված է և ներկայումս պահվում է իրաքյան բանտում: ՀԴԲ գործակալների մասնակցությամբ հարցաքննության ընթացքում կինը ցույց է տվել, որ իր ընտանիքը պատկանել է իրաքյան «Ալ-Քաիդային», հետո՝ ԴԱԻՇ-ին: Նա նաև խոստովանել է, որ պատասխանատու է եղել կին գերիների համար, նաև որ իր նստավայրում ընդունել է խմբավորման անդամներին, այդ թվում՝ Բաղդադիին: Նրա խոստովանությամբ՝ Մյուլլերը «պատկանել է» Բաղդադիին, երբ պահվելէ գերության մեջ, և այդ «պատկանելությունը» համարժեք է եղել ստրկության:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ աջակցում է Ումմ Սայաֆի քրեական հետապնդումն Իրաքի իշխանությունների կողմից և մտադի է համագործակցել Իրաքի արդարադատության հետ: Քանի որ սպանվածն ամերիկուհի է, կին ահաբեկչին մեղադրանք է առաջադրվել նաև ԱՄՆ-ի անունից:
Եթե Սայաֆին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
26-ամյա Քայլա Մյուլլերը Մերձավոր Արևելքում է աշխատել 2012 թ. դեկտեմբերից: Հալեպից մեկնելիս 2013 թ. օգոստոսին նրան գրոհայիններն առևանգել են: Գերության մեջ նա ենթարկվել է սեքսուալ բռնության և կտտանքների: Ահաբեկիչների հե կապված ԶԼՄ-ները 2015 թ. փետրվարին հայտնել են, որ ամերիկուհին սպանվել է Ռաքքա քաղաքի ուղղությամբ հորդանանյան ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով:









































