Գազայի հատվածի իսլամիստական իշխանությունները ոչնչացնում են հնագույն «Անֆիդոն» նավահանգիստը՝ տեղակայելով զինյալների ճամբար և ծրագրելով 3000-ամյա վաղեմություն ունեցող ավերակների վրա բնակարանային շինարարություն: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է մշակութային ժառանգության պահպանման հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը:
Նավահանգիստը կիրառվել է բաբելոնացիների և ասորիների, պարսիկների ու հույների, հռոմեացիների ու արաբների կողմից: Այն անտիկ գիտնականների աշխատություններում հիշատակվում է որպես Միջերկրական ծովի արևելքի գլխավոր նավահանգիստներից մեկը, սակայն իսրայելական օկուպացիայի դեմ պաղեստինցիների ապստամբության մեկնարկից ի վեր նրանց տեղը զբաղեցրել են գրոհայինները:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ներկայում նավահանգստի տարածքում գործում է ՀԱՄԱՍ-ի զինյալների ուսումնավարժական ճամբար: Գրոհայիններին է տրվել նաև պեղումների նախկին տարածքի ևս մեկ հատված, և շինաշխատանքների իրականացման դեպքում նրանք բուլդոզերներով կոչնչացնեն հնագույն խճանկարը: Նրա խոսքով՝ ինչ-որ ռազմական շինություններ է այնտեղ կառուցել նաև տեղի ՆԳՆ-ն:
Նա հավելել է, որ վերջերս «Բադր» ճամբարը հարձակման էր ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, որոնք պատահաբար ավերել էին մի քանի պատմական պատեր:
Միջազգային կազմակերպության ներկայացուցիչը հուշարձանին ուղղված սպառնալիք է տեսնում նաև հնագույն նավահանգստի իրենց մասում բնակարանային շինարարություն իրականացնելու տեղի իշխանությունների ծրագրերում: «Դիմելով համապատասխան մարմիններին՝ մենք ստացել ենք պատասխան, որ իրենք ընդհանրապես վստահ չեն այդ վայրի պատմական նշանակության հարցում»,- ասել է գործակալության ներկայացուցիչը:








































