Քրեական վիճակագրության համաձայն՝ Գերմանիայի ամենավտանգավոր քաղաքը Մայնի Ֆրանկֆուրտն է, իսկ ամենահանգիստը՝ Մյունխենը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Ոստիկանների տվյալներով՝ 2012թ. Մայնի Ֆրանկֆուրտում 100 հազար բնակչի հաշվով կատարվել է 16 հազար 310 հակաիրավական գործողություն: Երկրորդ հորիզոնականում է Դյուսելդորֆը՝ 14 հազար 966, որին հաջորդում է Քյոլնը՝ 14 հազար 590:
Գերմանիայի ամենահանգիստ քաղաքը Մյունխենն է՝ 7153 հանցագործություն 100 հազար բնակչի դիմաց: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Աուգսբուրգը և Վիսբադենը:
Դրա հետ մեկտեղ Գերմանիայում ամենավտանգավոր և ամենաանվտանգ քաղաքների միջև տարբերությունը գնալով մեծանում է. եթե Մայնի Ֆրանկֆուրտում արդեն երեք տարի է, ինչ օրենքի խախտման դեպքերը շատանում են, ապա Մյունխենն արդեն չորս տարի է՝ ցուցադրում է հակառակ շարժ:









































