ՀԱԿ դաշինքի մաս կազմող մի քանի կուսակցություններ ՀՀՇ-ի հետ տարաձայնություններ ունենալու պատճառով չհամաձայնեցին ՀԱԿ կուսակցությանն անդամագրվել: «Ժողովրդավարական ուղի», «Ժողովրդավարական հայրենիք», «ՄԻ- 96», «Կանաչների կուսակցություն», «Քրիտոնեա-Ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունները նախաձեռնել էին կուսակցությունների նոր միավորում՝ բնականաբար նոր անվանմամբ:
Սակայն կուսակցություններն առաջին անհամաձայնությունն ունեցան «Բարև, Երևան» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում սատարելու վերաբերյալ, երբ Սոս Գիմիշյանն իր անհամաձայնությունը տվեց, և մնացածն էլ՝ կոնսենսուսի սկզբունքի համաձայն չսատարելու որոշում ընդունեցին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն՝ անդրադառնալով կուսակցությունների միավորմանն ու հետագա գործունեությանը` ասաց․ «Դրական առաջընթաց չի նկատվում, նույն կուսակցություններն են առայժմ, բանակցություններ գնում են մնացածների հետ, այդ բանակցություններին ես չեմ մասնակցում, բայց թե ինչ արդյունք կտա՝ չեմ կարող ասել: Առաջիկայում՝ մոտ մեկ շաբաթվա ընթացքում կփորձենք նորից հավաքվել, հանդես գալ օրակարգային հարցերով»:
Այն հարցին` ի՞նչն է խանգարում, որ ավելի լայն միավորում չի լինում, Պ․ Մակեյանն ասաց․ «Խանգարողը հին խավն է, որոնք փորձում են ամեն ինչ անել, որ Կոնգրեսի ուժերը չհամախմբվեն, հիմնական խնդիրը տեսնում եմ իրենց մեջ, ուրիշ որևէ բան ինձ համար տեսանելի չէ»:
Դիտարկմանը, թե ՀԱԿ կուսակցությո՞ւնն է միայն իրենց խանգարում, որ չեն միավորվում, Մակեյանն ասաց․ «Ճիշտ եք ընկալել, միգուցե իմ սուբյեկտիվ ընկալումն է, բայց ՀՀՇ-ն, այսինքն` ՀԱԿԿ-ն ամեն ինչ անում է կամ գոնե շահագրգռված չէ, որ ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություները համախմբվեն»:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ չեն ուզում, չէ՞ որ արդեն ստեղծել են իրենց գաղափարներով առանձին կուսակցություն՝ հարցին ի պատասխան Մակեյանն ասաց․ «Նախաձեռնությանն իրենց առաջին արձագանքը ցույց տվեց, որ իրենք ցավագին են տանում այդ համախմբումը: Իմ տպավորությամբ՝ նրանք ընդդիմադիր համախմբմանը դեմ են, որովհետև նրանց պայքարն այս պահին ոչ թե իշխանությունների դեմ է, այլ ընդդիմադիր դաշտի չմիավորվելու համար, իրենք ընդդիմադիր դաշտի ֆունկցիան իրենց են ուզում վերադարձնել»,- ասաց նա:
Իր հերթին ԺՈւԿ նախագահ Մանուել Գասպարյանը պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ընդամենը 5 կուսակցություն արդյոք քիչ չէ՞ դաշինք ստեղծելու համար` ասաց․ «Իհարկե, 5 կուսակցությունը քիչ է, ցանկալի է, որ ավելի շատանան. բնականաբար միավորման դեպքում է հնարավոր երկրում որևիցե բան փոխել կամ պայքար մղել: Փորձում ենք գոյատևել, մինչև տեսնենք գուցե մյուս ուժերի կողմից առաջարկ լինի կամ ինչ-որ վերանայում լինի իրենց նախկինում եղած որոշումների հետ կապված»:
Մանուել Գասպարյանը նշեց, որ մյուս ուժերի անդամակցության հարցը իրենք կողջունեն և այսօր փորձում են աշխատանքները կազմակերպել այնպես, ինչպես նախկինում․ «Չէինք ուզենա որևիցե մեկին խանգարած լինեինք, բայց մենք գտնում ենք, որ միավորման արդյունքում է միայն հնարավոր որոշ փոփոխություններ մտցնել»:
Մեր զրուցակիցը նշեց, որ Ստեփան Դեմիրճյանն առայժմ մնացել է նախկինում հայտնած իր դիրքորոշմանը հավատարիմ՝ առ այն, որ ՀԺԿ-ն համագործակցելու է և՛ կուսակցության, և՛ դաշինքի հետ: «Դրական արձագանք եղել է մյուս կուսակցությունների կողմից ևս, բայց ներկա փուլում չեն մասնակցում: «Հանրապետություն» կուսակցությունը ավելի վաղ էր դուրս եկել ՀԱԿ-ից, իսկ հիմա դաշինքի մաս կազմելու շուրջ տեսակետ չի հայտնել, իսկ «Ազատություն» կուսակցությունը, ինչքան որ ես տեղեկացված եմ, սառեցրել է իր հարաբերությունները դաշինքի հետ՝ կապն ընդհանուր կա, բայց մասնակցություն` առայժմ ոչ»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































