Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ հոկտեմբերյան ընտրություններից առաջ տարածված բանտային կտտանքների կադրերը մոնտաժված են: Այս մասին նա այսօր հայտարարել է Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերով՝ այդ կադրերն առաջին անգամ տեսնելիս ինքը ցնցվել է, սակայն հետագայում ռեժիսոր Գեորգի Լիպոնավան իրեն կոնկրետ փաստեր է ցույց տվել, որոնք հաստատում են, որ դա մոնտաժ է։
Սաակաշվիլին հայտարարել է, որ Լիպոնավան իրեն գիշերվա ժամը երեքին ստուդիա է տարել և կոնկրետ փաստեր ցույց տվել: «Շատ հեշտ է տեսնել: Լիպոնավան ինձ դա ուղղակի գծերով է ցույց տվել: Երկրորդ անգամ այն դիտելիս հասկանում ես, որ դա այդպես է։ Սակայն բռնություններ եղել են, և այդ սադիստներն ազատ գործելու հնարավորություն են ունեցել»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով՝ իր ընկերոջ մայրը, ով մասնագիտությամբ պրոկտոլոգ է, նույնպես հայտարարել է, որ ավելով կադրը մոնտաժված է, քանի որ դա ֆիզիոլոգիապես հնարավոր չէ անել:
Չնայած այս ամենին, նախագահը հայտարարել է, որ բանտերում բռնություններ եղել են և հիմա էլ շարունակվում են: Նախագահը խոստովանել է, որ իրենց սխալն այն է եղել, որ «Լադո Բեդուկաձեի նման սադիստներից» բանտերը չեն մաքրել:
Նախագահը պնդում է նաև, որ այդ կադրերն Իվանիշվիլիի մոտ են եղել հրապարակումից դեռ երեք ամիս առաջ: Նրա խոսքերով՝ Բեդուկաձեն դրանք Իվանիշվիլիին 2 միլիոն դոլարով է վաճառել:
Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ Բեդուկաձեն դեռ 2011 թ. այս կադրերը 400 հազար դոլարով առաջարկել է «Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեին, սակայն վերջինս, նախագահի խոսքերով, «ափսոսել է» վճարել: Դրանից հետո, Սաակաշվիլիի խոսքերով, Բեդուկաձեն դրանք առաջարկել է Լոնդոնում բնակվող մի բարձրաստիճան պաշտոնյայի, որի դիմաց 600-700 հազար դոլար է պահանջել, սակայն նա նույնպես կադրերը ձեռք չի բերել: Վրաստանի նախագահը պնդում է, որ հենց այդ մարդն է Բեդուկաձեին ներկայացրել «Վրաստանի այժմյան կառավարչին»:









































