Նորանշանակ կառավարության անդամների առաջին համատեղ լուսանկարը մեծ քննարկումների տեղիք է տվել: Վերջիններս լուսանկարվել են Երևանի հանրապետության հրապարակի կառավարության շենքի ժամացույցի ֆոնին:
«Առաջին լրատվական»-ը նկարի վերաբերյալ զրուցեց դրա հեղինակ Panarmenian.net լրատվական գործակալության լուսանկարիչ Վահան Ստեփանյանի հետ: Նա մեզ փոխանցեց, որ ժամացույցի հետ պտտվող սլաքներն ամենևին էլ Հայաստանի հետընթացը չեն խորհրդանշում, ինչպես կարծում են լուսանկարը յուրովի հասկացած ֆեյսբուքյան օգտատերերը. «Տեսել եմ ֆեյսբուքյան գրառումները, որ ժամանակը հետ է պտտվում, սակայն այդպիսի միտք չկա: Պարզապես նկարում հետևի կողմից եք նայում ժամացույցին: Քանի որ այն կիսաթափանցիկ նյութից է, դրա համար էլ ժամացույցը երևում է, եթե լրիվ թափանցիկ լիներ, հրապարակը կերևար»:
Լուսանկարիչն ասաց նաև, որ արդեն երկրորդ անգամ է նկարում կառավարության հավաքական կազմը, անցած անգամ նկարել է կառավարության հանդիպումների դահլիճներից մեկում, ու դեռ այն ժամանակ միտք կար նկարել մի այնպիսի տեղ, որն ավելի խորհրդանշական կլիներ և կասոցացվեր կառավարության հետ. «Ընտրվեց ժամացույցը, որովհետև այն բոլորի մոտ ասոցացվել է կառավարության շենքի հետ: Այդ սենյակում նկարելով՝ մենք լուծեցինք նաև տեխնիկական խնդիր՝ մոտ 20 հոգու հանգիստ տեղավորվեցինք,և տեղը չկրկնվեց»:
Լուսանկարիչը շեշտեց նաև, որ նկարահանման 15-20 րոպեների ընթացքում կառավարության անդամները շատ ազատ ու բաց էին. «Մենք շատ ոգևորված ենք, որ լուսանկարվելու առաջարկն ընդունվեց ու իրագործվեց: Հիմա արդեն մտածում ենք, թե երրորդը որտեղ ենք նկարելու»:










































