Միջազգային վարկանիշային Standard & Рoor’s գործակալությունը իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով ներդրումային վերջին մակարդակից՝ «BBB-»-ից, և այն հասցրել «աղբային» «BB+» մակարդակի՝ նավթի գների անկման ֆոնին։
S&P-ի հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանի վարկանիշային պատմության ողջ ընթացքում դա առաջին իջեցումն է։ Վարկանիշի փոփոխման կանխատեսումը «կայուն» է։ Ազգային արժույթով և արտարժույթով երկրի կարճաժամկետ վարկանիշները իջեցվել են «A-3»-ից «B»-ի։
«Նավթի գները շարունակում են անկումը վերջին մի քանի ամիսներին, և մենք այժմ սպասում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը մինչև 2018 թվականի վերջը կարձանագրի բյուջեի դեֆիցիտ։ Մեր կարծիքով՝ արտաքին ռիսկերն ուժեղանում են: Ըստ այդմ՝ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները կրճատվել են 2/3-ով՝ 2014-ի կեսերի պիկային մակարդակից հետո»,- պարզաբանել են գործակալությունում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն ակնկալում է Համաշխարհային բանկից ստանալ 1 մլրդ դոլարի չափով վարկ, իսկ ԱՄՀ-ից՝ 3 մլրդ դոլարի։
Նման դեպքում Ադրբեջանը կդառնա առաջին երկիրը, որն այդ կազմակերպություններից վարկեր կստանա նավթի գների անկումից տուժած երկրների օգնության արտակարգ փաթեթների շարքից՝ հայտնում է Interfax-ը։










































