«Ընտրական պրոցեսներում վերահսկողական մեխանիզմներն էլ ավելի են բարձրանալու, կլինի որոշակի տեխնիկական հագեցվածություն՝ նաև վերահսկողությունն ապահովելու տեսանկյունից: Թե որ տարբերակը կլինի, չեմ կարող ասել, որովհետև մի մասը կամ մեծ մասամբ կախված է նրանից, թե այդ համակարգերի ձեռքբերման առումով որքան աջակցություն կստանանք, և որքան կլինի վստահությունն ընդհանրապես այդ համակարգերի նկատմամ, որովհետև կա նաև հակառակ պատկերը, որ տեխնիկական միջոցների ներգրավվածությունը կարող է ընդհակառակը՝ գցել, եթե կան կասկածներ, որ այդ համակարգերը լիարժեք՝ 100 տոկոսով չեն ապահովելու դրանց անխափան աշխատանքը և արտաքին միջամտությունից դրանք զերծ չեն մնա»: Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Հրայր Թովմասյանի կարծիքով՝ լավագույն Ընտրական օրենսգիրքն այն է, որը վստահություն պետք է ներշնչի. «Սա ինձ համար լավագույն Ընտրական օրենսգիրքն է: Ես կարող եմ ապրիորի նստել, իմ կաբինետում փակվել, գրել իմ կարծիքով՝ աշխարհի լավագույն ընտրական օրենսգրքերից մեկը՝ հաշվի առնելով միջազգային փորձը, բայց միևնույն է, եթե դա հանրային վստահություն չներշնչեց, դա խնդիր է առաջացնելու: Այսինքն՝ մեր գլխավոր խնդիրը Ընտրական օրենսգրքի նկատմամբ վստահության ավելացումն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































