ԱՄՆ-ը դադարեցրել է Ղրղըզստանի տապալված նախագահի որդու՝ Մաքսիմ Բակիևի դեմ խարդախության հատկանիշներով քրեական գործը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Նյու Յորքի դատախազությանը:
ԱՄՆ-ը ձգտել է, որպեսզի 35-ամյա Բակիև կրտսերին Մեծ Բրիտանիայից արտահանձնեն՝ արժեթղթերի հետ կապված խարդախությանը մասնակցելու և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով: Գործի դադարեցումը հաստատվել է Նյու Յորքի դատախազ Լորետա Լինչի մամլո քարտուղար Ռոբերտ Նարդոզի կողմից: Նա հրաժարվել է այլ մեկնաբանություններից:
Անցած տարվա հոկտեմբերին նախկին նախագահի կրտսեր որդին, որը հոր ղեկավարման օրոք գլխավորել է Զարգացման, ինովացիաների ու ներդրումների կենտրոնական գործակալությունը, ԱՄՆ-ի խնդրանքով ձերբակալվել էր Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների կողմից: Նա 2010-ի պետական հեղաշրջումից հետո ղրղըզական արդարադատությունից թաքնվում էր Լոնդոնում: Նրան մեղադրում են կոռուպցիայի և պետության շահերին դեմ պայմանագրերի ստորագրման մեջ:








































