Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ համերգային ֆիլմում անդրադարձ կլինի Մարկ Էնթոնիից նրա ամուսնալուծությանը: The Huffington Post-ի փոխանցմամբ՝ այս մասին փոփ աստղը պատմել է Նյու Յորքի ռադիոյին տված հարցազրույցում՝ եռաչափ ֆիլմի մասին խոսելիս:
Լոպեսը հայտնել է, որ ամուսնալուծությամբ իր կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, և որ այն պետք է էկրանավորել: Ֆիլմը կկրի Dance Again անվանումը: Այդպես է կոչվում նաև Pitbul-ի հետ նրա հիթային երգն ու 2012-ի համաշխարհային շրջագայությունը:
Լոպեսը, ինչպես երևում է, հետևում է Քեթի Փերիի օրինակին, որը 2012-ին համերգային ֆիլմ է թողարկել՝ անդրադառնալով բրիտանացի կատակերգու Ռասել Բրենդից իր ամուսնալուծությանը:
Նշենք, որ Լոպեսն ու Էնթոնին 5-ամյա երկվորյակների ծնողներ են: Նրանք միմյանցից հեռանալու մասին հայտարարել են 2011-ի հուլիսին: Ամուսնուց հեռանալուց հետո 43-ամյա Լոպեսը հանդիպում է 26-ամյա խորեոգրաֆ Կասպեր Սմարթի հետ:









































