Հունաստանում լրագրողները 24-ժամյա գործադուլ են անում։ Արհմիությունների որոշմամբ՝ հույն լրագրողներն այսօր գործադուլ են անում՝ ի նշան բողոքի կենսաթոշակային բարեփոխման դեմ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր չեն գործի նույնիսկ պետական գերատեսչությունների մամլո ծառայությունները։ Միայն մի քանի առցանց ռեսուրսներ են արհամարհել արհմիությունների որոշումը։
Առանց լուսաբանման կմնան միջազգային կյանքի այնպիսի կարևոր իրադարձություններ, ինչպիսիք են Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի առաջնորդների եռակողմ հանդիպումը Նիկոսիայում, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի այցն Աթենք։
Լրագրողները բողոքում են սոցիալական ապահովության համակարգը փոխելու և ապահովագրական կենսաթոշակային հիմնադրամները մեկում միավորելու կառավարության ծրագրերի դեմ: Նրանք պահանջում են պահպանել մասնագիտական ապահովագրական հիմնադրամը։










































