Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ռազմածովային խոշոր զորավարժություններ է անցկացնում Պարսից ծոցում։ Ռազմածովային ուժերի «Վելայաթ-94» մասշտաբային վարժանքների հիմնական փուլն այսօր առավոտյան մեկնարկել է երկրի հարավարևելյան ջրերում։
Ընդհանուր առմամբ, զորավարժություններն անցկացվելու են 4 փուլով և 3 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ Հորմուզի նեղուցից սկսած մինչև Հնդկական օվկիանոս։
Զորավարժություններում ներգրավված են արագընթաց մոտորանավակներ ու «Տարեկ» դասի սուզանավեր, ինչպես նաև առափնյա հրթիռային արձակման սարքեր, կապի հանգույցներ ու ռադիոէլեկտրոնային պայքարի շարժական սարքեր։
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին երեկ հայտարարել է, որ Պարսից ծոցում գտնվող օտար ռազմածովային ուժերը զգուշացվել են իրանական զորավարժությունների մասին, նրանց առաջարկվել է լքել զորավարժությունների գոտին։









































