Քաղաքացիական և քաղաքական ազատությունների հետազոտման միջազգային ոչ առևտրային Freedom House կազմակերպությունը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2016 թվականին» զեկույցը։
Երկրները գնահատվել են 0-100 բալանոց սանդղակով։ 0-ն վատագույն, 100-ը՝ լավագույն արդյունքն է։ Հայաստանը ճանաչվել է մասնակի ազատ երկիր՝ ստանալով 46 միավոր։
Անցած տարի ևս Հայաստանը կազմակերպության կողմից ճանաչվել էր մասնակի ազատ։
Վրաստանը նույնպես մասնակի ազատ է ճանաչվել՝ ստանալով 64 միավոր։ Թուրքիան ևս մասնակի ազատ է (53 միավոր)։ Ադրբեջանն (16) ու Իրանը ոչ ազատ երկրների շարքում են (17 միավոր)։ Ռուսաստանը ևս ոչ ազատ է (22 միավոր)։
Չնայած այն բանին, որ աշխարհում 2015-ի ազատության մակարդակը ցածր է եղել, 195-ից 86 երկիր, այսինքն՝ 44 տոկոսը, նախկինի պես մնում են ազատ, մասնակի ազատ են 59 երկրներ, մնացած 50-ը ոչ ազատ են։ Վերջին 10 տարիներին ազատության մակարդակը նվազել է 105 երկրերում, մինչդեռ բարձրացել 61 տարածաշրջանում։
Քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ամենացածր մակարդակներն են գրացվել Սիրիայում, Սոմալիում, Հյուսիսային Կորեայում, Ուզբեկստանում, Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում։
Անցած տարի գլոբալ ազատության մակարդակը նվազել է՝ հասնելով վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշին։ Իրավիճակի վրա ազդել են հակամարտությունները Մերձավոր Արևելքում, որոնք հանգեցրել են ընդգրկուն մարդասիրական ճգնաժամի, փախստականների թվի աճի ու ահաբեկիչների ակտիվացման։ Զեկույցում ասվում է, որ պատերազմներն ու հակամարտությունները «սնուցում են քսենոֆոբիական տրամադրություններ ժողովրդավարական երկրներում»։










































