Կանադայի ԱԳՆ ղեկավար Ստեֆան Դիոնը հայտարարել է, որ Օտտավան հույս ունի վերականգնել Ռուսաստանի հետ երկխոսությունը, այդ թվում՝ Ուկրաինայում իրավիճակ շուրջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք նույնիսկ սառը պատերազմի շրջանում ենք երկխոսություն վարել: Այժմ մենք գրեթե չենք շփվում նախորդ կառավարության քաղաքականության պատճառով: Դա ինչպե՞ս է օգնում Ուկրաինային: Դա ինչպե՞ս է օգնում Արկտիկայում մեր շահերն առաջ տանելուն»,- ասել է նա: Դիոնը հայտարարել է, որ Մոսկվայի հետ ընդհանուր շահերի առկայության դեպքում Օտտավան «զգույշ քայլեր կձեռնարկի՝ ՌԴ կառավարության հետ տարաձայնությունները հարթելու համար»:
Դիոնը նշել է, որ ողջ համաշխարհային հանրությունը՝ ներառյալ ԱՄՆ-ը և Ճապոնիան, երկխոսություն է վարում Ռուսաստանի հետ: «Բոլորը՝ բացի Կանադայից»,- նշել է նախարարը:
Հունվարի 25-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան և Օտտավան պատրաստ են վերսկսել երկկողմ համագործակցությունը, որը դադարեցրել է Սթիվեն Հարփերի կառավարությունը՝ հայտնում է TASS-ը:







































