Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպության կազմած 21-րդ «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» Հայաստանը 168 երկրների շարքում զբաղեցրել է 95-րդ տեղը։ 2015 թվականին Հայաստանը հնարավոր 100 միավորից ստացել է 35 միավոր։ 95-րդ հորիզոնականը Հայաստանը կիսում է Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ։
Երկրները վարկանիշային աղյուսակում գնահատվել են 0-ից (չափազանց կոռումպացված) մինչև 100 (կոռուպցիայի բացակայություն) բալանոց համակարգով։ Անցած տարվա համեմատ Հայաստանի ցուցանիշը վատթարացել է 1 հորիզոնականով։ 2014-ին մեր երկիրը 37 միավորով 94-րդ տեղում էր։
168 երկրների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Դանիան՝ 91 բալով, երկրորդ և երրորդ տեղերում են Ֆինլանդիան և Շվեդիան։ Ցուցակն արդեն չորրորդ տարին անընդմեջ եզրափակում են Հյուսիսային Կորեան և Սոմալին՝ 8 բալով։
Ռուսաստանն ու Ադրբեջանը 119-րդ տեղում են, Վրաստանը՝ 48-րդ, Իրանը՝ 130-րդ, Թուրքիան՝ 66-րդ տեղում։







































