ԱՄՆ դաշնային ծառայությունները ձերբակալել են Օրեգոն նահանգում վայրի բնության արգելոցը բռնազավթած զինված խմբի առաջնորդին՝ հայտնում է Associated Press-ը: ՀԴԲ հայտարարության համաձայն՝ ձերբակալվել են ակցիայի առաջնորդ Ամոն Բանդին, նրա եղբայր Ռայան Բանդին ու ևս 3 մարդ՝ կին և 2 տղամարդ:
Հաղորդվում է, որ 40-ամյա Ամոն Բանդիին և նրա կողմնակիցներին ձերբակալել են մայրուղու վրա ավտոմեքենան ստուգելիս:
Տեղեկություններ են հայտնվել նաև ձերբակալության ընթացքում փոխհրաձգության մասին: Առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է՝ հայտնել են իշխանությունները:
Ձերբակալվածներին առաջադրվել է դավադրության մեղադրանք՝ ուժի և սպառնալիքների կիրառման ճանապարհով իշխանության ներկայացուցիչներին իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հարցում խոչնդոտելու համար:
Ձերբակալություններից հետո դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են արգելոցի տարածք և, ինչպես սպասվում է, տեղում կմնան ամբողջ գիշեր: Նրանց տվյալներով՝ այնտեղ դեռ բողոքողներ կան:
Ամոն Բանդին և նրա կողմնակիցները՝ մոտ 20 զինված անձ, հունվարի 2-ին զավթել են պարկի վարչական շենքը դաշնային կառավարության հետ հողային իրավունքների վերաբերյալ վաղեմի հակամարտության պատճառով: Բանդին հայտարարում էր, որ իրենք չեն պատրաստվում հեռանալ, քանի դեռ պետական հողերը չեն փոխանցվել տեղական իշխանություններին:
Բացի դրանից՝ ակտիվիստները պահանջել են ազատ արձակել հրկիզման համար դատապարտված 2 ֆերմերներին՝ կրկնակի կալանքի տակ հայտնվելուց հետո: Միևնույն ժամանակ դատապարտվածների ընտանիքներն ու փաստաբաններն այդպիսի աջակցությունից հրաժարվել են:









































