Վիրջինիա նահանգի բնակչի մոտ, ով դուրս էր եկել ԱՄՆ սահմաններից, հայտնաբերվել է զիկա վիրուս։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնյաներին։
Վարակված անձը վերջին շրջանում եղել է այն երկրներում, որտեղ ակտիվորեն տարածվում է վիրուսը։ Պատկան մարմինները նշել են, որ վիրուսը տարածում են մոծակները, և քանի որ նահանգում այդպիսի մոծակ չկա, վարակված անձն ինֆեկցիոն վտանգ չի ներկայացնում։
Երեքշաբթի Արկանզասի իշխանությունները հաստատել են, որ նահանգի բնակիչը, ով վերջերս նույնպես գտնվել է երկրի սահմաններից դուրս, վարակված է զիկա վիրուսով։
Իշխանությունները բնակիչներին կոչ են անում խուսափել լատինաամերիկյան երկրներ այցից։ Առավել խոցելի խմբերում են հղիները։ Վիրուսի դեմ դեռևս պատվաստանյութ չկա։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը առողջապահության և ազգային անվտանգության ոլորտների պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում կոչ է արել արագացնել հետազոտությունները՝ վիրուսի ախտորոշման, կանխարգելման և բուժման մեթոդների մշակման նպատակով։ Վիրուսն արդեն վնասել է Բրազիլիայում հազարավոր նորածինների գլխուղեղը։









































