Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, ով պատժամիջոցների վերացումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով գտնվում է Ապենինյան թերակղզում։
Ֆրանցիսկոսի ու Ռուհանիի հանդիպումը տևել է մոտ 40 րոպե։ Վատիկան կատարած այցի ժամանակ Իրանի նախագահին ուղեկցել է 12 հոգանոց պատվիրակություն, որոնց թվում եղել է նաև թարգմանչուհի։ Հանդիպման ժամանակ Հռոմի պապը խոսել է իտալերեն, իսկ Իրանի նախագահը՝ պարսկերեն։
Բանակցությունների վերաբերյալ Վատիկանը պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն ռուսական լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, և Ռուհանիին հրաժեշտ տալիս Ֆրանցիսկոսը հայտնել է, որ շնորհակալ է նրան այցի համար։ Հանդիպման ժամանակ կողմերը փոխանակվել են նվերներով։
Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից հետո իրանական պատվիրակությունը հանդիպել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։







































