Մայիսյան եռատոնն այսօր մեծ շուքով նշվեց Հաղթանակի զբոսայգում: Մեծ հայրենական պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը եկել էին հարգելու պատերազմի մասնակիցներ, պետական այրեր, համաքաղաքացիներ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ծաղիկներ դնելով Հաղթանակի զբոսայգու անմար կրակի առաջ՝ գնաց միանալու զինվորական վրանային ճաշին: Նա սրտանց շնորհավորեց ներկաներին՝ հաղթանակի առթիվ. «Հարգելի հայրենակիցներ, այսօր հայ ժողովրդի համար եռատոն է, եռատոն, որովհետև մայիս ամիսն առանձնահատուկ խորհուրդ ունի մեր տոնացույցի մեջ, հաղթանակների ամիս է: Մենք միշտ մեր պատմության ընթացքում այս ամսում է, որ ճակատագրի բերումով, թե իրադարձությունների զարգացման ընթացքում ունեցել ենք հաջողություններ, պահպանել ենք մեր ինքնությունը, հավատքը»:
Նախարարն ընդգծեց, որ իրենց ծնողների, պապերի՝ նախկինում կատարած սխրագործություններն իրենց արտացոլումն են ստացել հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ, երբ կարողացան ազատագրել հայոց հինավուրց քաղաք Շուշին և դրանով իսկ ստեղծել պաշտպանության բանակը, կայացնել ու զարգացնել այն. «Կարող եմ ասել, որ Շուշին մեր Արցախյան գոյապայքարում առանձնահատուկ դերակատարություն ունի, Շուշիով մենք ցույց տվեցինք հայ ժողովրդի միասնությունը, դարերով ռազմական գիտության մոտ կանգնած լինելը: Գիտեք, որ չափազանց դժվար ժամանակներում և պայմաններում ենք պայքարել և պաշտպանել ինքներս մեզ: Շուշին ցույց տվեց, թե ինչպիսին է մեր հայ հրամանատարը՝ իր անձնական օրինակով, հայ զինվորը՝ իր նվիրումով»: Նա շեշտեց, որ Շուշիի ազատագրումով իրականացվեց պատմական իրողություն և այն նոր փուլ բացեց հայ ժողովրդի կյանքում:
Նախարարը շնորհավորեց նաև երկրապահներին՝ ամենադժվար ժամանակներում հայրենիքի կողքին կանգնելու համար:









































