ԱՄՆ Օհայո նահանգում երեք կանանց առևանգման համար ձերբակալվածներից մեկի դեմ ներկայացվել է մեղադրանք: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Քլիվլենդի դատախազին:
52-ամյա Արիել Կաստրոն՝ տան սեփականատերը, որտեղ պահում էին կանանց, մեղադրվում է առևանգման և բռնաբարության մեջ: Նրա ձերբակալված երկու եղբայրները դեռևս կասկածյալներ են, և նրանց դեմ մեղադրանք ներկայացնելու բավականաչափ ապացույցներ չկան:
Արիել Կաստրոն, 54-ամյա Պեդրո Կաստրոն և 50-ամյա Օնիլ Կաստրոն ձերբակալվել են երկուշաբթի՝ այն բանից հետո, երբ կանանցից մեկին հաջողվել է փախչել: 27-ամյա Ամանդա Բերին տանից դուրս է եկել հարևանների օգնությամբ, այնուհետև դիմել է ոստիկանություն:
Ոստիկանությունում նա նշել է, որ առևանգման պահից (շուրջ 10 տարի առաջ) նրանք ոչ մի անգամ փողոց դուրս չեն եկել, ավելին՝ նրանց կապած են պահել: Պատանդներին պահել են տարբեր սենյակներում, սակայն նրանք իմացել են միմյանց ներկայության մասին և ծանոթ են եղել:
Բերին կորել է 2003թ. ապրիլին՝ իր 17-ամյակի նախօրեին, Ջինա Դեհեսուսին առևանգել են 2004թ.՝ 14 տարեկանում, իսկ Միշել Նայթն անհետացել է 2002թ.՝ 20 տարեկանում: Կանանց հետ ազատ է արձակվել նաև Բերիի 6-ամյա աղջիկը, որը ծնվել է հանցագործների տանը:










































