Գերմանիայի կառավարությունը մտադիր է մեծացնել Թուրքիային տրվող ֆինանսական օգնության չափը (36 մլն եվրոյից 2016-ին հասցնելով 50 մլն-ի)՝ միգրացիոն ճգնաժամը լուծելու համար: Այս մասին Bild am Sonntag պարբերականին ասել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Գերդ Մյուլլերը:
Ավելի վաղ Գերմանիայի ղեկավարությունը հայտարարել էր, որ Թուրքիան առանցքային դեր է խաղում Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը լուծելու գործում:
«Մենք այս տարի կընդլայնենք մեր համագործակցությունը Թուրքիայի հետ և օգնության չափը 36 մլն եվրոյից կհասցնենք 50 մլն եվրոյի»,- հայտարարել է Մյուլլերը: Նրա խոսքով՝ ներդրումները նախևառաջ կծախսվեն դպրոցների կառուցման, պրոֆեսիոնալ կրթության և Թուրքիայի սահմանամերձ շրջաններում կոմունալ ենթակառուցվածքների ամրապնդման վրա:
«Թուրքիան ընդունել է 2.5 մլն սիրիացի փախստականի: Մենք պետք է այդ մարդկանց հեռանկարներ տանք և մեր ներդրումն ենք անում դրանում»,- հավելել է նա:










































