Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում բարձր դասարանի աշակերտ Քայլ Թոմսոնը 15 օրով հեռացվել է դպրոցից՝ երկրի վարչապետ Ջուլիա Գիլարդի վրա բուտերբրոդ նետելու համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին, երբ կառավարության ղեկավարն այցելել էր Մարսդենի դպրոց՝ աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպման: Այնուամենայնիվ, Թոմսոնը վրիպել է, և բուտերբրոդը դիպել է ոչ թե վարչապետին, այլ աշակերտներից մեկին:
Գիլարդը կատարվածը միանգամայն հանգիստ է ընդունել: Նրա խոսքերով՝ զարմանալի ոչինչ չկա, որ «հարյուրավոր գրգռված երեխաների ամբոխում հայտնվել է ինչ-որ մեկը, որի խելքին փչել է, թե ծիծաղելի կլինի մանր չարաճճիություն անելը»: Վարչապետը մամուլի իրեն ուղեկցող թղթակիցներին խորհուրդ է տվել «դրանից դրամա չսարքել»:
Ուշագրավ է, որ մի քանի օր առաջ իր հեռուստաուղերձում Գիլարդն ասել էր, որ պատրաստ է լրջորեն մտածել Ավստրալիայում ընտրողների տարիքը 18-ից 16 իջեցնելու հարցի շուրջ:









































