Android բջջային հարթակի բազմամիլիարդանոց եկամուտները և շահույթը բացահայտվել են ԱՄՆ-ում դատավարության ժամանակ, հայտնում է Bloomberg-ը: Google-ի իրավաբանները պահանջում են, որ այդ տեղեկության հասանելիության արգելք սահմանվի:
31 մլրդ դոլար եկամուտ և 22 մլրդ դոլար մաքուր շահույթ՝ այսքան է բերել Google-ին Android բջջային հարթակը 2008 թ. աշնանը առաջին Android-ի թողարկումից հետո 7 տարուց մի քիչ ավել ժամանակում: Թվերը հրապարակել է Oracle կորպորացիայի իրավաբանը Google-ի դեմ հայցի դատավարության ժամանակ:
Հիշեցնենք՝ տվյալների բազաների կառավարման համար ծրագրային ապահովում արտադրողը որոնողական համակարգին մեղադրում է Android-ի մշակման ժամանակ Java-ի անօրինական օգտագործման համար: Android-ի եկամտի և շահույթի չափերը պետք են, որպեսզի Oracle-ում կարողանան հիմնավորել վնասի և փոխհատուցման չափը, որը կպահանջեն պատասխանողից:
Google-ը Android-ի միջոցով երկու ճանապարհով է վաստակում՝ գովազդ ցուցադրելով Android-ով սարքերի օգտատերերին և մաս վերցնելով Google Play խանութում հավելվածների, խաղերի և կոնտենտի վաճառքից: Ինչպես է Oracle-ի իրավաբան Աննետտա Հյորսթը հաշվել Google-ի եկամուտները՝ չի նշվում: Սակայն այն իսկապես հասնաելիություն է ստացել որոնողական համակարգի գաղտնի ֆինանսական փաստաթղթերին՝ լսումներին պատրաստվելու համար:
Google-ում Android-ով ստացված շահույթի բացահայտումից դժգոհ են: Նշվում է, որ Հյորսթը դատարանում թվերը հրապարակել է հունվարի 14-ին, իսկ հունվարի 20-ին որոնողական համակարգի իրավաբանները դիմել են Սան Ֆրանցիսկոյի դատարան՝ պահանջելով գաղտնիացնել նիստի սղագրության հատվածները, որտեղ երևում են Android-ի եկամուտների և շահույթի չափերը: Google-ում պնդում են, որ բացահայտված տեղեկությունը «չափազանց զգայուն է» և կարող է վնասել կորպորացիյաի բիզնեսին:
Bloomberg-ը գրում է, որ սղագրությունը հինգշաբթի անհետացել է հրապարակային էլեկտրոնային հասանելիությունից, թեև այդ հարցով ոչ մի դատական որոշում չի ընդունվել:
Նույն դատական սղագրությոնից հայտնի է դարձել, որ Google-ը Apple կորպորացիայի թողարկած սարքերում առաջնայինը մնալու համար 2014 թ. 1 մլրդ դոլար է վճարել: Այդ տվյալները ևս որոնողական համակարգը ձգտում էր գաղտնի պահել:








































