Ամերիկյան Գուանտանամո բանտի կալանավորներից մեկը հրաժարվել է ազատ արձակվել, քանի որ չի ցանկացել անծանոթ երկիր մեկնել: ԱՄՆ սահմանած կանոններով՝ հայրենիք վերադառնալ նրան արգելված է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եմենի 35-ամյա բնակիչ Մուհամմեդ Բաուազիրը Գուանտանամոյի բազայում է պահվել 14 տարի: Դեռևս 2008 թ. իշխանությունները վճռել են ազատ արձակել նրան, սակայն ԱՄՆ-ը որոշում է ընդունել եմենցի կալանավորներին հայրենիք չվերադարձնել՝ մտավախություն ունենալով, որ նրանք կարող ենք զենք վերցնել ձեռքը:
Բողոքելով իրեն պահելու պայմանների և անորոշ ժամկետի դեմ՝ Բաուազիրը հացադուլ է սկսել, որը մի քանի տարի է տևել: Բանտի անձնակազմը ստիպված նրան բռնի է կերակրել:
Անցած հինգշաբթի Պենտագոնը հայտնել է Գուանտանամոյի բանտից 2 կալանավորի՝ եգիպտացու և եմենցու ազատ արձակվելու մասին: Նրանցից մեկն ուղարկվել է Չեռնոգորիա մշտական բնակության, մյուսը՝ Բոսնիա:
Նրանց հետ պետք է ազատ արձակվեր նաև Բաուազիրը, բայց վերջին պահին նա հրաժարվել է ինքնաթիռ նստել: Ավելի ուշ նրա փաստաբանը բացատրել է, որ Բաուազիրը մտածել է, որ չի կարողանա ապրել երկրում, որտեղ ընտանիք չունի: Որ երկիր պետք է մեկներ Բաուազիրը՝ չի հաղորդվում:
«Եթե ինձ խնդրեին, ես ուրախությամբ այնտեղ կհիմնավորվեի,- իրավիճակը մեկնաբանել է Բաուազիրի փաստաբան Ջոն Չենդլերը:- Ես չեմ կարող ձեզ բացատրել նրա տրամաբանությունը»: «Դա պարզապես հուզական արձագանք է մարդու, որին 14 տարի փակի տակ են պահել»,- նշել է փաստաբանը:
Հաղորդվում է, որ Բաուազիրը պատրաստ է մեկնել Սաուդյան Արաբիա, ԱՄԷ կամ Ինդոնեզիա, որտեղ նա հարազատներ ունի, սակայն ԱՄՆ-ին մինչև հիմա չի հաջողվել այդ երկրներից մեկի իշխանությունների հետ պայմանավորվել կալանավորին ուղարկելու մասին:







































