ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է առաջիկա 5 տարիներին իր քաղաքացիական ծառայողների թիվը կրճատել առնվազն 5 տոկոսով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էշթոն Քարթերը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Մամուլի ազգային ակումբում:
«Մեզ անհրաժեշտ է նաև վերակառուցել մեր քաղաքացիական անձնակազմն այն ժամանակ, երբ մենք իրականացնում ենք զինված ուժերի վերակառուցում: Պարզ ասած՝ առաջիկա 5 ֆինանսական տարիների ընթացքում մենք ծրագրում ենք կրճատել քաղաքացիական աշխատողների թիվը 5-6 տոկոսով: Այդ կրճատումները համեմատական են զինված ուժերում իրականացվող կրճատումներին»,- հայտարարել է Քարթերը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նա նշել է, որ բյուջետային միջոցների խնայման քաղաքականության շրջանակում Պենտագոնը թույլտվություն է խնդրել Կոնգրեսից՝ ամերիկյան ռազմաբազաների և այլ նմանօրինակ օբյեկտների միացման կամ ոչնչացման հարցերով զբաղվող հանձնաժողովի՝ 2015-ին անցկացվելիք աշխատանքի նոր ռաունդի համար:
Նախորդ 5 ռաունդների հաշվին հանձնաժողովին հաջողվել է հասնել տարեկան 12 միլիարդ դոլարի խնայողության՝ նշել է Քարթերը:
Նա հերթական անգամ հաստատել է Պենտագոնի մտադրությունը՝ ուշադրությունը կենտրոնացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա՝ կապված Իրաքում ռազմական օպերացիայի ավարտի և Աֆղանստանից հիմնական մարտական ջոկատների առաջիկա դուրսբերման հետ:
Նրա խոսքով՝ նոր քաղաքականությունն ուղղված չէ Չինաստանի զսպմանը և առհասարակ ուղղված չէ որևէ առանձին երկրի կամ երկրների խմբի դեմ:
Նա նաև հայտարարել է, որ մայիսի 9-ին այց կկատարի Մերձավոր Արևելք և Հարավարևմտյան Ասիա:
Նրա խոսքով՝ չնայած ներկայիս բյուջետային իրադրությանը, ԱՄՆ-ը պատրաստվում է մեծացնել հատուկ նշանակության իր ուժերի թվաքանակը: Քարթերը նշել է, որ այդ ուժերի մի մասը Իրաքից ու Աֆղանստանից կուղղվեն երկրագնդի այլ շրջաններ:









































