Քիչ առաջ ավարտվեցին ՀՀԿ ԳՄ նիստը և խորհրդի նիստերը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խորհրդի անդամները և նախագահ Սերժ Սարգսյանը դրական են որակել ընտրությունների արդյունքներն ու ընթացքը:
Ըստ Շարմազանովի՝ առաջարկվել է կառավարության կառուցվածքում անել փոփոխություններ և կառավարության աշխատակազմի ղեկավարին օժտել նախարարի գործառույթներով. «Որոշեցինք, որ կառավարության աշխատակազմի ղեկավարն ունենա նախարարի ֆունկցիա, և միանձնյա որոշեցինք այդ պաշտոնում առաջարկել Վաչե Գաբրիելյանին ՝մի մարդու, ով կիրթ է և փորձ ունի»:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է լեգենդար Յուրի Վարդանյանի թեկնածությունը:
Շարմազանովը նշեց, որ երրորդը, ինչի մասին կուզեր խոսել, դա այն է, որ ֆինանսների նախարարի պաշտոնում առաջարկվել է պրոֆեսիոնալ ֆինանսիստ Դավիթ Սարգսյանի, էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ միջազգային հայտնի փորձագետ Վահրամ Ավանեսյանի թեկնածությունը:
Շարմազանովը նշեց, որ մնացած բոլոր նախարարները կմնան իրենց տեղում, ապա հավելեց, որ կպահպանվեն «Օրինաց երկիր» կուսակցության բոլոր երեք նախարարների պորտֆելները:
Այն հարցին, թե կհամագործակցե՞ն արդյոք ԲՀԿ-ի հետ, Շարմազանովը պատասխանեց, որ պատրաստ են համագործակցել բոլորի հետ
«Մեկ տարվա ընթացքում մեր երկրում տեղի ունեցավ չորս ընտրություն։ Բոլոր դժգոհություններով հանդերձ՝ ՀՀԿ թեկնածուները ստացան մեր հասարակության վստահությունը, և պետք չէ այդպես միանշանակ ասել, որ մեր ժողովուրդը դժգոհում է»,- նշեց Շարմազանովը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































