Այսօր հայտնի դարձավ, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը: Այդ լուրը հաստատել է նաև նրա օգնականը՝ ասելով, թե Յ. Վարդանյանին նման առաջարկ եղել է, ինքն էլ համաձայնել է:
Սա բավականին ուշագրավ նշանակում է այն առումով, որ «Բարգավաճ Հայաստանի»՝ կոալիցիայի անդամ լինելուց հետո այդ նախարարությունը ղեկավարել են ԲՀԿ անդամները, ինչը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ այդ ընթացքում Օլիմպիական կոմիտեի նախագահ է եղել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այսինքն՝ սպորտի ոլորտն ընդհանրապես պետք է լիներ նրա համակարգման ներքո: Իսկ դա էլ իր հերթին պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ իբր թե ոլորտը արդյունավետ կառավարելու համար նախարար պետք է նշանակվի Գ. Ծառուկյանի համար ընդունելի մարդ, որն էլ բնականաբար պետք է լիներ ԲՀԿ անդամ:
Ավելին՝ ի սկզբանե նման նախարարություն գոյություն չուներ, սպորտի և երիտասարդության ոլորտը համակարգող կառույցը գտնվում էր Մշակույթի նախարարության կազմում: Այդ կառույցի ղեկավար է եղել այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ով մինչև 2004 թվականը, մինչև Գ. Ծառուկյանի նշանակումը, միաժամանակ եղել է նաև Օլիմպիական կոմիտեի նախագահ: Ի. Զաքարյանը, հիշեցնենք, ԲՀԿ անդամ էր և ՎՊ նախագահ է նշանակվել ԲՀԿ-ի քվոտայով՝ 2007թ. վերջին. ճիշտ է, նշանակումից հետո նա սառեցրեց անդամությունն այդ կուսակցությանը: 2008թ. իշխանությունները սպորտի ոլորտը համակարգող այդ կառույցն առանձնացրին Մշակույթի նախարարությունից և ստեղծեցին այսօրվա Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը՝ այն տալով ԲՀԿ-ին: Այն ժամանակ նաև կարծիք կար, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից նոր ստեղծված ու միանգամից Ազգային ժողով մտած այդ կուսակցության համար ստացած պորտֆելները քչություն են անում, ու դրա համար ստեղծվեց այդ նախարարությունն ու տրվեց ԲՀԿ-ին:
ԲՀԿ-ական ղեկավարման տարիների ընթացքում Գ. Ծառուկյանն ու ԲՀԿ-ն այնպիսի քարոզչություն են իրականացրել, որ սպորտում գոյություն ունեցող հաջողությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ այնտեղ Գ. Ծառուկյանը մեծ փողեր է ներդրել՝ իբր թե սեփական փողերը: Եվ որ նա շարունակում է մնալ Օլիմպիական կոմիտեի նախագահ նաև այն բանի համար, որ գումարներ ներդնի սպորտի հաջողության համար: Ավելին՝ մինչ այժմ սպորտում հաջողություն ունեցած մարզիկներին նվիրված գումարները, մեքենաները կամ բնակարանները եղել են Գ. Ծառուկյանի կողմից: Մինչդեռ դա այնքան էլ այդպես չէ, որովհետև այդ նվերները մեծամասամբ արվել են պետական միջոցներով, պարզապես այնպես է ներկայացվել իբր դա Գ. Ծառուկյանն անձամբ է անում: Իրականում ԲՀԿ ղեկավարը իր սեփական միջոցները շատ քիչ է օգտագործել նման նպատակների համար: Հակառակը՝ նույնիսկ հրապարակումներ են եղել, որ նա ԲՀԿ-ի քվոտայով նշանակված նախարարներից կուսակցական խնդիրների համար գումարներ է պահանջել: Բացի այդ, պետությունից ու հարկային վճարումներից գումարներ թաքցնող Գ. Ծառուկյանը դժվար թե դրանք նվիրեր սպորտին: Նա Հայաստանի մարզիկների մի մասին անդամագրել է իր կուսակցությանը, ու ինչպես իր կուսակցությունում, այդպես էլ սպորտում այնպիսի վիճակ է ստեղծել, որ մարզիկները պետք է պատեհ-անպատեհ, առիթով-անառիթ հրապարակավ երկրպագեն իրեն:
Ինչ վերաբերում է Յուրի Վարդանյանին սպորտի և երիտասարդության հարցերով նախարար նշանակելուն, ապա դա նշանակում է, որ իշխանություններն այս ոլորտը վերցնում են Գ. Ծառուկյանի ձեռքից: Եվ որ դա ոլորտը նրա ձեռքից վերցնելու դեռ սկիզբն է, իսկ ողջ գործընթացը բավականին ցավոտ է լինելու: Բանն այն է, որ Օլիմպիական կոմիտեի նախագահը ընտրովի պաշտոն է, իսկ Գ. Ծառուկյանը կոմիտեի անդամների կողմից ընդամենը մի քանի ամիս առաջ է վերընտրվել և պաշտոնավարման ժամկետն էլ 4 տարի է: Ու չի բացառվում, որ նա ժամանակից շուտ հրաժարվի այդ պաշտոնից:









































