Երևանում այսօր մեկնարկեց չորսօրյա տարածաշրջանային սեմինար, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Ալբանիայի ներկայացուցիչները: Սեմինարի ընթացքում քննարկվելու են վերոնշյալ երկրներում մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում թերաճության խնդիրները:
Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը բացելով սեմինարը՝ ներկաներին ասաց, որ երեխաների շրջանում առողջության պահպանման և սնուցման հարցերն առաջնահերթ են, քանի որ մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մահացության ռիսկը ավելի բարձր է:
ՅՈւՆԻՍԵՖ-ն անցած ամիս հրապարակել է «Երեխաների սնուցման բարելավումը. հասանելի առաջնահերթություն գլոբալ առաջընթացի համար» զեկույցը, որում նշված է, որ աշխարհում շուրջ 165 մլն երեխա տառապում է թերաճությունից, նրանց հասակը տարիքի համեմատ կարճ է:
Թերաճության կանխարգելման լավագույն միջոցը հղիության ընթացքում և երեխայի կյանքի առաջին երկու տարիներին առավել ուշադրությունն է՝ սննդի որակի բարելավումը:
Թերաճությունը միայն կարճ հասակով չի պայմանավորվում, դա նշանակում է նաև երեխայի ուղեղի, մտավոր և ճանաչողական զարգացման հապաղում, իսկ չափահաս տարիքում՝ աշխատունակության նվազում:
Հայաստանում մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում թերաճության տարածվածությունը կազմում է 19 տոկոս, իսկ Վրաստանում՝ 11:
ՅՈւՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակի սնուցման գծով ավագ խորհրդատու Նունե Մանգասարյանը հանդիպման ընթացքում հավելեց, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ վճռական շրջանում երեխաների լիարժեք աճն ապահովելու համար: Արդյունավետ միջոցառումներից են նաև հղի մայրերի սնուցման բարելավումը, երեխայի ծննդից հետո առաջին վեց ամիսներին բացառապես կրծքով, այնուհետև հավելյալ սննդանյութով կերակրելը: Նա նշեց, որ թերսնուցումը հաճախ գիտելիքի պակասի արդյունք է, իսկ առաջին հերթին՝ սոցիալական ոչ բարենպաստ պայմանների:
Հավելենք, որ համաժողովը Հայաստանում իրականացվում է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ:










































