Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը պարտություն է համարում։ Նրա խոսքերով՝ Անդրեասյանը պետք մնար և եթե չէր կարողանում այլևս պայքարել հանուն իր առաքելության, պետք է սկսեր դա անել ի հեճուկս։
Ամեն դեպքում, տիկին Ալավերդյանին քիչ թե շատ հասկանալի են Անդրեասյանի հրաժարականի պատճառները, որոնք առավել ակնառու դարձան, երբ օմբուդսմենն Ազգային ժողովում ներկայացրեց իր տարեկան զեկույցը և արժանացավ իշխանության ներկայացուցիչների երբեմն նաև ոչ կոռեկտ գնահատականներին։
Լարիսա Ալավերդյանն անտրամաբանական է համարում հնչող կարծիքները, թե Հայաստանի նման երկրին օմբուդսմենի ինստիտուտ պետք չէ։
Իշխող հանրապետական կուսակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չի ընդունում, որ ՄԻՊ-ը հրաժարական տվեց իշխանությունների ճնշումների ազդեցության տակ։









































