Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունները դարձել են ավելի կառուցողական այն բանից հետո, ինչ Հասան Ռուհանին 2013 թվականին ընտրվեց Իրանի նախագահի պաշտոնում։
Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որի խոսքով՝ հետագա բարելավումը կախված կլինի Թեհրանից. «Իրանում նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ժամանակ մենք չունեինք այսպիսի, կառուցողական երկխոսություն։ Շատ բան փոխվեց Ռուհանիի գալստյամբ»։
Նա հիշեցրել է, որ Իրանի ներկայիս իշխանություններին հաջողվեց լուծել իրանական միջուկային ծրագրի հարցը, ինչպես նաև մի շարք ամերիկացիներին ազատ արձակելը։ Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների հետագա կարգավորումը ավելի շատ կախված է Իրանի, քան՝ ԱՄՆ-ի դիրքորոշումից։








































