Սիրիայում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ ցանկացած հայտարարություն պետք է ուղեկցվի անհերքելի ապացույցներով: Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ մեկնաբանելով Սիրիայի հակամարտության զարգացումները:
«Քաղաքական առաջնորդներն, այսօր ունենալով Իրաքի փորձը, ցանկանում են Սիրիայում կիրառված քիմիական զենքի վերաբերյալ անհերքելի ապացույցներ ստանալ»,- ասել է Ռասմուսենը՝ նկատի ունենալով Իրաք ԱՄՆ-ի երկրորդ ռազմական արշավը, որի պատճառը հանդիսացել էր Բաղդադի՝ զանգվածային ոչնչացման զենք ունենալու վերաբերյալ մեղադրանքները։ Նման զենք այնտեղ այդպես էլ չհայտնաբերվեց:
«Ես կիսում եմ այն կարծիքը, որ հարկավոր է տիրապետել ամբողջ տեղեկատվությանը, այդ պատճառով էլ հարկավոր է, որպեսզի ՄԱԿ-ի հսկիչներին թույլատրվի մուտք գործել Սիրիայի տարածք։ Վատ է, որ Սիրիայի իշխանությունները այդ թույլտվությունը չեն տրամադրում»,- ասել է Ռասմուսենը:










































