Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում ահաբեկիչները հարձակվել են հյուրանոցի վրա ու պատանդներ վերցրել՝ հայտնում է Reuters գործակալությունը։
Երեկ երեկոյան գրոհայինները հարձակվել են սրճարանի վրա, ներխուժել են Splendid հյուրանոց, որտեղ ժամանակավորապես բնակվում են ՄԱԿ-ի աշխատակիցներն ու արևմտյան երկրներից ժամանած զբոսաշրջիկները, հրկիզել փողոցում կայանած մեքենաներն ու սկսել օդ կրակել՝ բազմությանը հետ մղելու նպատակով։ Այուհետև դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերը, սկսվել է փոխհրաձգություն։
Հարձակման հետևանքով կան զոհեր։ Բժիշկների տվյալներով՝ զոհերը 20-ն են։ Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ալ-Մուրաբիտուն» խմբավորումը, որը հարձակում էր իրականացրել նաև նոյեմբերի 20-ին Մալիի Radisson Blu հյուրանոցի վրա։
Այնուհետև անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել՝ ազատ արձակելու պատանդներին։ Ներկայում ազատված է 33 պատանդ։ Նշվում է, որ պատանդների թվում կա տեղացի մի նախարար։ Ամերիկացի և ֆրանսիացի զինվորականները խորհրդատվությամբ օժանդակում են գործողության անցկացմանը։
Միջադեպի հետևանքով մայրաքաղաքում պարետային ժամ է սահմանվել՝ Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի դեսպան Ժիլյա Տիբոն։
BBC-ի փոխանցմամբ՝ հյուրանոցը գտնվում է միջազգային օդանավակայանի մոտ։ Նշվում է, որ հյուրանոցի վրա հարձակվել են 3-4 զինված անձինք։








































